Էջմիածին-Երևան ճանապարհին «Տոյոտան» բախվել է արտաքին լուսավորության սյանը և կողաշրջվել․ կա վիրավոր
Ապրիլի 3-ին` ժամը 06:33-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին Toyota մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Պ.) բախվել է արտաքին լուսավորության սյանը և կողաշրջվել: Վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն։