Րաֆֆի Հովհաննիսյանը` Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպման, հավաքականի խաղի և գլխավոր մարզչի մասին (տեսանյութ)
Երեկ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2014 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալել էր Չեխիայի ընտրանուն և պարտվեց 0:3 հաշվով:
Այսօր Ազատության հրապարակում իր հացադուլը շարունակող Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո ասուլիսը, որը հիմնականում նվիրված էր հետընտրական զարգացումներին, ընդդիմություն-իշխանություն երկխոսությանը և Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ընդհատվեց ոչ քաղաքական, ֆուտբոլային հարցով: «Բարևի» հեղափոխության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով նաև հայտնի ֆուտբոլասեր է, խնդրեցին կիսվել խաղից ստացած իր տպավորություններով և հայտնել իր տեսակետը բազմաթիվ ֆուտբոլասերների` Հայաստանի հավաքականի մարզչի հրաժարականի պահանջի մասին:
Ի պատասխան՝ Հովհաննիսյանը նախ նկատեց, որ դա իր մասնագիտական պարտականությունների շրջանակներից դուրս է, և ինքը հարգում է մարզչին և հավաքականի մյուս անդամներին, և նշեց, որ նրանց մեծ մասը «փայլուն խաղ ցուցադրեց»:
«Մի մասը թերացան, և դրանից նրանք և նաև մարզիչը պետք է դասեր քաղեն: Ինչպես միշտ, ունեինք հաղթելու բոլոր հնարավորությունները, բայց մեզ պակասեց վերջնախաղը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Չեմ ուզում քաղաքականացնել այս պատասխանը,- ժպտալով շարունակեց նա,- Պարզապես պիտի ասեմ, որ մեր թիմը շատ ավելի հավաքական պետք է լինի: Իհարկե, անհատ աստղեր ունենք, բայց, ինչպես քաղաքականության մեջ ևս, մենք պիտի կարողանանք այդ աստղերին կազմակերպել որպես համաստեղություն: Այդ համաստեղությունը երեկ չերևաց: Մի քանի աստեղային թռիչքներ կան` առանց արդյունքի: Եվ թե՛ կյանքում, թե՛ քաղաքական կյանքում, թե՛ ֆուտբոլում մենք պիտի կարողանանք արդյունքի հասնել նաև հավաքական ընթացքով: Դրա համար մենք այսօր այստեղ ենք»:
Հիշեցնենք, որ, այնուամենայնիվ, «Բարևի» շարժումը երեկ չշրջանցեց նաև Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. շարժման մի քանի ակտիվիստներ «Բարև Հայաստան» կարգախոսով պաստառ էին փակցրել մարզադաշտի տրիբունաներից մեկից, իսկ հանդիպումից հետո նրանք այդ պաստառով շրջում էին մարզադաշտի տարածքում` վանկարկելով «Բա՛-րև, Հա՛-յա՛ս-տա՛ն»: