Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Գազայի հատվածի առողջապահական իշխանությունները հայտարարել են, որ հոկտեմբերի 7-ին պատերազմի սկսվելուց ի վեր իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է առնվազն 32 623-ի։ 75 092 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։
Գազայում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը քաղաքացիական անձանց և մարտիկների շրջանում զոհերի թիվը չի առանձնացնում։ Ըստ Իսրայելի հաշվարկների՝ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ՀԱՄԱՍ-ի 13 000 անդամ։
ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին հարձակվել էր Իսրայելի վրա, որի հետևանքով 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը վերադարձրել է գերիներից 123-ին։