Էկոնոմիկայի նախարարը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 29-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ, 2023 թվականին ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 2127․1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է առավել քան 21%-ով։ Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ առկա են նախադրյալներ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և այդ ցուցանիշներն ավելացնելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական նախագծերում չինական ընկերությունների ներգրավման հնարավորությունը։

Նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները։

Տեսանյութեր

Լրահոս