Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսում կամրջից ընկած ավտոբուսում եղած 46 մարդկանցից ողջ է մնացել միայն մի ութամյա աղջիկ: Այդ մասին հաղորդում է SABC լրատվամիջոցը։
Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր։ Մնացած 45 հոգին զոհվել են, երբ ավտոբուսը կամրջից գահավիժել և ձորակն է ընկել 50 մետր բարձրությունից։ Հարվածից ավտոմեքենան բռնկվել է:
Ավտոբուսում գտնվում էին ուխտավորներ, որոնք հարևան Բոտսվանայից զատկական արարողությունների էին մեկնում հարավաֆրիկյան Մորիա քաղաք:
Վթարը տեղի է ունեցել Լիմպոպո նահանգի տարածքի լեռնային տեղանքում։
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ցավակցություն է հայտնել Բոտսվանային և զոհվածների ընտանիքներին։