Բաժիններ՝

Բլինքենն իրաքցի իր գործընկերոջ հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Իրաքի փոխվարչապետ ու արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը: Այդ մասին ասված է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հայտարարության մեջ։

Միլլերի հաղորդմամբ՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները «հաստատել են իրենց հանձնառությունն ԱՄՆ-ի և Իրաքի բարձրագույն ռազմական հանձնաժողովի աշխատանքին, որը թույլ կտա անցնել անվտանգության ոլորտում Իրաքի և ԱՄՆ-ի կայուն երկկողմ հարաբերությունների և կօգնի հասնել վերջնական հաղթանակի «Իսլամական պետության» նկատմամբ»:

Բլինքենը և Հուսեյնը «քննարկել են անվտանգության, տնտեսական, քաղաքական և դիվանագիտական ​​հարցերի շուրջ համագործակցությունը»։

Նրանք նաև խոսել են ապրիլի 15-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իրաքի վարչապետ Մոհամմեդ աս Սուդանիի առաջիկա հանդիպման կազմակերպման մասին։ Իրաքի պաշտպանության նախարար Թաբիթ ալ Աբասին ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլին Իրաքի վարչապետի՝ Վաշինգտոն այցի գլխավոր թեման կլինի ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերման հարցը:

Փետրվարի 8-ին Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Ռասուլն ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի ուժերն անվանել էր ապակայունացնող գործոն հանրապետությունում։ Նա հայտարարել էր, որ կոալիցիոն ուժերն իշխանություններին հարկադրում են ամենալուրջ կերպով քննարկել երկրում դրա առաքելության շուտափույթ դադարեցման հարցը։

Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը պարզաբանել էր, որ Միացյալ Նահանգներն Իրաքի իշխանություններից որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման պահանջով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս