Սունակը հայտարարել է միջուկային զսպման ուժերի ամրապնդման բնագավառում նոր ներդրումների մասին
Մեծ Բրիտանիան լրացուցիչ միջոցներ կներդնի միջուկային էներգիայի զարգացման և միջուկային զսպման սեփական ուժերի ամրապնդման բնագավառում: Այդ մասին ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
«Ներքին միջուկային ներուժը կենսական նշանակություն ունի մեր ազգային պաշտպանության և էներգետիկ անվտանգության, մեր միջուկային զսպման ուժի պահպանման և Մեծ Բրիտանիայում սպառողներին ավելի էժան ու հուսալի էներգիայով ապահովման համար: Միջուկային արդյունաբերությունն արագորեն աճում է, առաջիկա 10 տարում կպահանջվեն 50 %-ով ավելի շատ բարձր որակավորում ունեցող աշխատողներ, և մենք պետք է պատրաստենք բրիտանացի տաղանդների նոր սերունդ», – գրված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Բրիտանիայի կառավարությունը համագործակցում է արդյունաբերության ներկայացուցիչների, ներառյալ BAE Systems-ի, Rolls-Royce-ի, EDF-ի և Babcock-ի հետ, որպեսզի մինչև 2030 թվականը ներդնի առնվազն 763 միլիոն ֆունտ ստեռլինգ (962 միլիոն դոլար) կադրերի պատրաստման, կրթության և աշխատատեղերի ստեղծման բնագավառում։
Վարչապետի գրասենյակը հայտնել է, որ շուտով կհրապարակվի Պաշտպանության նախարարության զեկույցը, որտեղ կնշվեն միջուկային զսպման ուժերի ամրապնդման կոնկրետ քայլերը, այդ թվում՝ 2030-ականների սկզբին սպառազինությունում Dreadnought դասի միջուկային սուզանավերի ընդունման և AUKUS-ի շրջանակներում Ավստրալիայի և ԱՄՆ-ի հետ գործընկերության խորացման միջոցով: