F-16 կործանիչները վերահսկել են PKK-ի 100 հոգանոց խմբի կողմից Թուրքիայի տարածքի լքումը
Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ մարտի 21-ին (Նովրուզ) քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զինաթափման մասին կոչից հետո «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) մարտիկները սկսել են լքել Թուրքիայի տարածքը:
Երեկ PKK-ականների 100 հոգանոց խումբը լքել է Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի ու Շըրնաք նահանգները և հեռացել Հյուսիսային Իրաք: Նրանք տեղավորվել են Զաբի ու Հաքուրքի ճամբարներում, որոնք Հյուսիսային Իրաքում գտնվող և Թուրքիայի սահմանին ամենամոտ ընկած PKK-ի ճամբարներն են:
Ուշագրավ է, որ Նովրուզից առաջ ամեն օր Հյուսիսային Իրաքը ռմբակոծող Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները երեկ իրականացրել են «վերահսկողական» թռիչքներ: Դիարբեքիրի ավիաբազայից մեկնարկած F-16 տիպի 5 կործանիչ երեկ վերահսկել են PKK-ականների կողմից Թուրքիայի տարածքը լքելու և Հյուսիսային Իրաք քաշվելու գործընթացը: Նրանք թռիչքներ են իրագործել նաև Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարների վրայով, սակայն չեն հարվածել դրանց:
Տարբեր տվյալներով՝ Թուրքիայի տարածքում է գտնվում մինչև 2000 PKK-ական:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Իրաքում PKK-ականների առաջնորդ Մուրադ Քարայըլանը հայտարարել է, որ Թուրքիայի տարածքից PKK-ականների դուրս բերումը բավական դժվարին գործընթաց է և կտևի մինչև աշուն: