Հանձնման գործընթացը տեղի է ունենում միակողմանի. զիջում է Հայաստանը. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, որ վերջին օրերին ակտիվ քննարկումների դաշտ մտած թեման՝ հայտնի 4 գյուղերի հանձնման վերաբերյալ և՛ անվտանգային, և՛ երկրի կենսունակության տեսանկյունից, վերաբերվում է ողջ հանրապետությանն ու նրա ապագային:
«Եկե՛ք մի պահ, մի կողմ թողնենք դավաճան, հանձնող, տապալող և այլ բառերը, որպեսզի շեղումն ու կենտրոնացումը դրա վրա չլինի, և թեման փորձենք դիտարկել տրամաբանության և քաղաքական գործընթացների բովանդակային կողմից:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ և այն կարող են սկսել այն Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում:
Առաջին հարցը, որն առաջանում է, հետևյալն է՝ իսկ ի՞նչ փաստաթղթերի և քարտեզների վրա է իրականացվելու այս գործընթացը: Ինչու եմ սա ասում, որովհետև մինչև հիմա էլ ՀՀ տարբեր պաշտոնյաներ նշում էին, որ բանակցությունների հիմնական հակասություններից մեկը, որն արտացոլված է նաև ադրբեջանական իշխանությունների պաշտոնական հայտարարություններում, վերաբերվում է սահմանների ճշգրտման տակ դրվող քարտեզներին և իրավական բազային»,- հայտարարեց նա:
Ըստ Տ. Աբրահամյանի՝ եթե հիմա այս հարցում չկա դիրքորոշումների ներդաշնակեցում կամ, պարզ ասած, համաձայնություն, ապա ինչի՞ հիման վրա է իրականացվող այս պահին 4, իսկ հետագայում 4 անկլավների հանձնման գործընթացը:
«Երկրորդ, Հայաստանի իշխանությունը վերջին փուլում, Ադրբեջանի պահանջած 4+4 գյուղերի թեմայի համատեքստում խոսում էր Ադրբեջանի օկուպացրած հայկական տարածքների մասին, սակայն հիմա, երբ խոսվում է գործնականում քայլեր ձեռնարկելու մասին, չգիտես թե ի՞նչ տրամաբանությամբ, հանձնման, ճշգրտման
գործընթացը տեղի է ունենում միակողմանի՝ զիջում է Հայաստանը:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ 2-3 տարի առաջ, Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս գալը որպես բանակցությունների վերսկսման նախապայման էր առաջադրում, հետո կրկին նահանջեց, իսկ Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականության տեմպը բարձրացրեց:
Փաշինյանը նաև ասում է, թե իր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք՝ ակնարկելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն իր հետ սպառնալիքի լեզվով է խոսում, ինքն էլ ստիպված հասարակության է շանտաժի ենթարկում:
Եթե հիմքն այն է, որ ամեն ինչ տանք, որ պատերազմ չսկսի, ապա հանրությունը լավ գիտի ու տեսել է, որ տարբեր շրջափուլերում այդ սկզբունքը չի աշխատել և նույնիսկ միակողմանի զիջումներից հետո Ադրբեջանը չի հանգստացել ու գնացել է ագրեսիայի:
Երկրորդ, այն, որ դու քո հրապարակային խոսքի հիմքում այս սկզբունքն ես դնում՝ դու քո թուլությունն ես ի ցույց դնում նաև թշնամուդ՝ նրան նոր խաղաքարտ տալով ու անընդհատ շանտաժի մղելով:
Իշխանությունը երկրի ներսում, այդ թվում՝ այս դահլիճում, խոսում է հոխորտանքների, վիրավորանքների և սպառնալիքների լեզվով, իսկ երբ խոսքը հասնում է բանակցային գործընթացին և Ադրբեջանի սպառնալիքներին պատասխանելուն, ապա խոնարհ, ստորացված, անտրտունջ, կուչ եկած կեցվածքում է: ՀԳ Ինչ վերաբերում է հայկական և հակահայ ուժերին, ապա և՛ այս դահլիճում, և՛ այս դահլիճից դուրս գտնող գործիչների, առաջնորդների, քաղաքական ուժերի հետագիծը բոլորի աչքի առաջ է եղել։ Պատմությունը շատ հստակ արձանագրելու է՝ ո՞վ է հաղթել , ո՞վ է հայրենիք ազատագրել, ո՞վ զիջել և ո՞վ է հանձնել մեր հայրենիքը»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։