Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում «Պակիստանի թալիբների շարժման» թաքստոցներին
Պակիստանի ռազմաօդային ուժերն առավոտյան ավիահարվածներ են հասցրել «Թեհրիկ ի Թալիբան Պակիստան» (ԹԹՊ, «Պակիստանի թալիբների շարժում») արմատական խմբավորման զինյալների թաքստոցներին և ճամբարներին, որոնք գտնվում են Աֆղանստանի տարածքում։ Այդ մասին հաղորդել է The Khorasan Diary լրատվական հարթակը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ օդային հարվածների թիրախ են դարձել Լաման (Պակտիկայի նահանգ) և Փասա Մելլա (Խոստի նահանգ) բնակավայրերը, որոնք գտնվում են Պակիստան-Աֆղանստան սահմանի մերձակայքում։ Ռազմաօդային ուժերի գործողությունն իրականացվել է՝ ի պատասխան մարտի 16-ին ԹԹՊ-ի զինյալների կողմից Խայբեր Փախտունխվայի նահանգի Միր Ալի քաղաքում Պակիստանի զինված ուժերի ռազմակայանի վրա հարձակման, որի հետևանքով զոհվել է 7 զինվոր։
The Khorastan Diary-ն ավելի ուշ X սոցիալական հարթակում հրապարակել է «Թալիբան»-ի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդի հայտարարությունը, որում վերջինս նախազգուշացնում է, որ Աֆղանստանի տարածքին հասցրած ավիահարվածները կարող են հանգեցնել հետևանքների, որոնք «Պակիստանի վերահսկողությունից դուրս են»։
Իսլամաբադի և Քաբուլի միջև հարաբերությունները, փաստորեն, սառեցված են, քանի որ Աֆղանստանի ներկայիս իշխանությունները հրաժարվում են դադարեցնել օժանդակությունը «Թեհրիկ ի Թալիբան Պակիստան» ծայրահեղական խմբավորմանը, որը պատասխանատու է Պակիստանում ահաբեկչությունների կազմակերպման համար: Խմբավորումը ձգտում է հասնել Պակիստանում «իսլամական համակարգի» ստեղծման։ ԹԹՊ-ն 2011 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո՝ որպես կազմակերպություն, որը կապված է «Ալ Քաիդայի» հետ: Ըստ առկա գնահատումների՝ ԹԹՊ-ում կա մինչև 50 հազար զինյալ: