Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի բացման արարողությանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի բացման արարողությանը (CSW68)։ Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, Կանանց ռեսուրսային կենտրոնի Ադվոկացիայի թիմի համակարգող Աննա Հովհաննիսյանը։

Ինչպես տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից, նստաշրջանը, որի պաշտոնական բացումն ազդարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ներառում է քննարկումներ՝ գենդերային հավասարության, կանանց ու աղջիկների առաջխաղացման ապահովման ուղղությամբ։ Նստաշրջանի այս տարվա գլխավոր թեման կանանց շրջանում աղքատության հաղթահարումն է՝ խրախուսելով նրանց առաջնորդությունն ու գենդերային անհավասարության դեմ ուղղված քաղաքականությունը։

Արդար ու հավասար աշխատավարձեր, սոցիալական հավասար երաշխիքներ, հավասար հնարավորություններ սովորելու և ընտանիքի պլանավորման հարցերում. համաժողովին մասնակից աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ կմիավորեն ջանքերը՝ այս հիմնախնդիրների շուրջ համաձայնեցնելու իրենց գործողությունները, որոնք կարող են նվազեցնել կանանց շրջանում աղքատության ցուցանիշներն ու առաջ մղել գենդերային հավասարությունը։ Թեմայի շուրջ նախարար Մկրտչյանը ելույթ կունենա միջոցառման ընդհանուր քննարկման, ինչպես նաև նախարարական կլոր-սեղանի շրջանակում։

Հայկական կողմը՝ ԱՍՀ նախարարության և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցությամբ, նախատեսել է նաև հարակից միջոցառում՝ ներկայացնելու հայաստանյան փորձը՝ կանանց տնտեսական զորեղացման համատեքստում։

Տեսանյութեր

Լրահոս