ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանի բացման և առևտրային կապերի զարգացման միջև կա ուղղակի հարաբերակցություն․ Միրզոյան

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հույս ունի, որ շուտով կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար։ «TRT World» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին։

Նախարարը հիշեցրել է, որ երկու երկրները նշանակել են հատուկ ներկայացուցիչներ, ովքեր ունեցել են ակտիվ քննարկումներ, եղել են հանդիպումներ նախարարական մակարդակում, զրույցներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի միջև։

«Շատ բաներ արվել են, շատ բաներ քննարկվում են, եկել ենք համաձայնության որոշ հարցերի շուրջ, բայց դրանք դեռ չեն իրականացվել, օրինակ՝ սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող՝ ՀՀ ու Թուրքիայի քաղաքացիների համար։ Սա համաձայնեցվել է, բայց, ցավոք, դեռ կյանքի չի կոչվել։ Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա շուտով։ Կան նաև վստահության ձևավորման այլ միջոցներ, որոնց շուրջ մենք համաձայնության ենք եկել, օրինակ՝ Անիի պատմական կամրջի վերականգնումը։ Սա գործընթաց է, որի միջով մենք անցնում ենք, բայց նաև արդեն ժամանակն է տեղում տեսնել շոշափելի արդյունքներ»,- ընդգծել է Միրզոյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է տեսնում Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուրը, Միրզոյանը պատասխանել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման և առևտրային կապերի զարգացման միջև կա ուղղակի հարաբերակցություն։

«Կարելի է քննարկել, թե որը մյուսի վրա ավելի շատ կազդի, բայց ես հավատացած եմ, որ եթե մենք բացենք սահմանը, գործարար կապերն ինքնուրույն կզարգանան։ Իմ տպավորությունն այն է, որ ունենք առաջնորդություն, քաղաքական կամք երկու կողմերից, և եթե մենք անենք վերջնական քայլերը, բացենք սահմանը, հաջորդիվ տնտեսական կապերը կզարգանան, կգտնեն իրենց ուղին»,- եզրափակել է Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս