Դանիայի խորհրդարանական պատվիրակության այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Դանիա փոխգործակցությանը. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դանիայի Թագավորության խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի գլխավորած պատվիրակությանը:
Փաշինյանը ողջունել է Դանիայի խորհդարանական պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ երկու երկրների համագործակցությունն այդքան էլ ակտիվ բնույթ չի կրում: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Դանիա փոխգործակցությանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումն ու սերտ համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակների շրջանակում:
Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության օժանդակությամբ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ կառավարության և մեր հասարակության համար ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումն ունի ռազմավարական նշանակություն, և այդ ուղղությամբ քայլերը կրելու են հետևողական բնույթ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Փաշինյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքները:
Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համատեքստում վարչապետը կարևորել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը: