Բաժիններ՝

Բնակելի շինությունները քանդելու վերաբերյալ ահազանգերի հիման վրա ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Լվովյան փողոց

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը մեկնել է Երևան քաղաքի Նոր նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում։

ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ ավելի վաղ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգեր են ստացվել Լվովյան փողոցում գտնվող հասարակական նշանակության տարածքներում բնակելի շինությունները քանդելու վերաբերյալ։ Մասնավորապես, քաղաքացիները հայտնել են, որ այդ շինություններում տարիներ շարունակ բնակվել են, և այժմ բնակության նպատակով այլ տարածք տեղափոխվելու, ինչպես նաև իրենց անձնական գույքը փոխադրելու հնարավորություն դեռևս չունեն:

Ահազանգերի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա՝ Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ։ Համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով կապ է հաստատվել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ։

Նշվում է, որ բարձրացված հարցի կապակցությամբ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով գրություն կհասցեագրվի Երևանի քաղաքապետարան։

Ավելի ուշ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադառնալով Լվովյան փողոցի շինությունների քանդմանը վերաբերող հրապարակումներին՝ հայտարարել էր, որ քաղաքապետի համապատասխան որոշումներով Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում անօրինական տիրապետումից ազատվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս