Էրդողանը կոչով դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ուկրաինա-հարավարևելյան Եվրոպա» գագաթնաժողովին ներկա չգտվնելու պատճառով փետրվարի 28-ին իր ելույթը պարունակող տեսահոլովակ է հրապարակել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը ելույթում անդրադարձել է ռուս-ուկրաինական հետզհետե խորացող հակամարտությանը: Այդ համատեքստում նա պատրաստակամություն է հայտնել կողմերին Թուրքիայում բանակցային հարթակ տրամադրելու շուրջ:
«Խաղաղության կառուցման համար պատրաստ ենք կրկին բանակցային հարթակ ստեղծելու, այնպես, ինչպես ավելի վաղ արեցինք Ստամբուլում».-ասել է նա:
Ապա նաև հավելել, «Սևծովյան հացահատիկի նախաձեռնություն»-ը շարունակում է մնալ Թուրքիայի օրակարգում:
«Սակայն, կարիք կա կարգավորման, որը կապահովի Սև ծովում առևտրային նավերի համար նավիգացիոն անվտանգությունը»,-ընդգծել է Էրդողանը:
Բացի այդ նա կրկնել է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը՝ ի աջակցություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խաղաղության մասին 10 նախապայման պարունակող ծրագրի:
Նշենք, որ Էրդողանը իր չմեկնելը կապել է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքների հետ: Դրանք տեղի են ունենալու մարտին: