Ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

2024 թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 4799 քաղաքացի, որոնցից 4353-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 144-ը` ավագ ենթասպայական կազմի, 302–ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:

«Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Յուրաքանչյուր քաղաքացի վարժական հավաքների ընթացքում կներգրավվի ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով։

Վարժական հավաքների ապահովման համար կներգրավվի նաև մինչև 25 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց (բազմաշերեփ էքսկավատորներ` խրամատափորներ):

Տեսանյութեր

Լրահոս