Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ կամ պայմանագիր գոյություն չունի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի տարածքում ռուս սահմանապահների ներկայությունը կարգավորող որևէ մանդատ և պայմանագիր գոյություն չունի: Այս մասին նա հայտարարեց` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին։

Միաժամանակ Փաշինյանը նշեց` եթե սա նշանակում է, որ ռուս սահմանապահներն այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել, ենթադրվում է, որ սրանից պետք է արվեն նաև համապատասխան հետևություններ։

Նրա խոսքով` հայ-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակը շատ հատվածներում ինքնաբուխ է ստեղծվել, և դա կապված է եղել հետպատերազմական իրադարձությունների հետ:

Աննա Գրիգորյանը, անդրադառնալով Ներքին Հանդում տեղի ունեցած ռազմական էսկալացիային, նշեց, որ հայ տարբեր պաշտոնյաներ ասում են, որ այդ հատվածը ռուսական վերահսկողության գոտի է։

«Ի՞նչ է նշանակում, որ ՀՀ ինչ-որ տարածք հանդիսանում է 3-րդ երկրի պատասխանատվության գոտի։ ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, օրինակ, հայտարարեց, որ ՌԴ-ն չկարողացավ կանխել արյունալի բախումը Ներքին Հանդում։

Հարց է առաջանում` ի՞նչ մանդատով են ռուս սահմանապահները կանգնած այնտեղ, իրավական ի՞նչ պայմանագրի հիման վրա, կոնկրետ ի՞նչ պատասխանատվություն ունեն, քանի որ եթե հնչեցվում է մեղադրանք, որ չկարողացան կանխել արյունալի բախումը, ուրեմն ինչ–որ պատասխանատվություն ունեն։ Արմեն Գրիգորյանը նաև ասել է, որ ռուս սահմանապահները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ։ Ուզում եմ հասկանալ` մեր սուվերեն տարածքում մի երկրի ներկայացուցիչ խոչընդոտում է մեկ այլ երկրի ներկայացուցչի՞։

Այսինքն` ՀՀ կառավարությունը ՌԴ և ԵՄ ներկայացուցիչներին բերում, կանգնեցնում է այդտեղ, ասում է` պայմանավորվեք, ինքը մեջտեղից դուրս է գալիս։ Պետությունն այստեղ գործառույթ ունի՞, թե՞ ոչ»,- հետաքրքրվեց պատգամավորը։

Փաշինյանը պատասխանեց` որևէ մեկը չի հայտարարել, որ դա ՌԴ պատասխանատվության գոտին է, այլ հնչել է ահազանգ, ու հիմա քննվում է, թե ինչ խոչընդոտների մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարեց, որ Ներքին Հանդի շրջանում 2021 թվականին ԱԴԾ սահմանապահ ծառայության հենակետ է տեղադրվել հայկական կողմի հետ պայմանավորվածության համաձայն։

Տեսանյութեր

Լրահոս