ՀՀԿ-ն պատրաստ է զիջումների
«Րաֆֆի Հովհաննիսյանը ռոմանտիզմի, ընդամենը հայտարարությունների դաշտից տեղափոխվեց մի փոքր իրատեսական դաշտ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած պահանջները: Նա, ընդհանուր առմամբ, կառուցողական է համարում Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի` երեկ հնչեցրած ելույթը:
Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդը երեկ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել էր «շարունակել մնալ դե ֆակտո նախագահ»՝ դրա դիմաց պահանջելով որոշակի քայլեր, այդ թվում՝ այսպես կոչված, անցումային փուլում 8 գերատեսչությունների ղեկավարների պաշտոններ՝ գլխավոր դատախազի, Պետեկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, ԱԳՆ-ի, Կրթության և գիտության նախարարության, Վերահսկիչ պալատի, Արդարադատության խորհրդի և Հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարների պաշտոնները:
Հովհաննես Սահակյանի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկների մի մասը կարող է քննարկման առարկա դառնալ: «Արտահերթ նախագահական ընտրությունների ոչ նախադրյալները, ոչ էլ իրավական հիմքն այլևս կան: Մենք իրավական պետություն ենք, ընտրությունները կայացած են, կա Սահմանադրական դատարանի որոշում նաև այս պարագայում: Կարծում եմ` այս խնդրին անդրադառնալը մի փոքր տեղին չէ և կարող է դառնալ ընդամենը շահարկման թեմա: Պաշտոնների նշանակելը, սակայն, կարծում եմ՝ քննարկելու խնդիր է, և երկրի նախագահի լիազորությունների շրջանակում է: Դրանք և իրատեսական են, և այս փուլում կարելի է առաջին փոքրիկ, բայց առաջընթացը գրանցել»,- նշեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:
Նա ավելացրեց նաև, որ սահմանադրական և օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկները ևս ընդունելի են: Հովհաննես Սահակյանի խոսքերով, Ընտրական օրենսգրքի տիրույթում գտնվող խնդիրները, մասնավորապես` համամասնական ընտրակարգի, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների` քվեարկությանը մասնակցելու իրավունքի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձևավորման սկզբունքի փոփոխությունը և մի շարք հարցեր կարող են քննարկվել աշխատանքային կարգով ձևավորված խմբում և համապատասխան լուծումները ստանալ:
Հարցին, թե պետական առանցքային պաշտոնները, մասնավորապես՝ Դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Արտաքին գործերի նախարարությունները զիջելու դեպքում արդյո՞ք Սերժ Սարգսյանը չի թուլացնի իր իշխանությունը, Հովհաննես Սահակյանը պատասխանեց.«Դա նախագահի լիազորությունների տիրույթում է, և իր որոշելու խնդիրն է, ես` որպես խմբակցության քարտուղար, չեմ որոշում՝ մարզպետը սա՞ է լինելու, թե՞ մեկ ուրիշը, ուստի երբևէ չեմ մտել այն դաշտը, որն իմ գործողությունների տիրույթում չէ»: