Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան մասին: Հայ ժողովուրդը և Հայաստանը կորցրին լավագույն բարեկամի: Նիկոլայ Ռիժկովն իր բազմամյա պետական գործունեության ընթացքում մարդկային բարձր որակների և լայնախոհ, հմուտ պետական գործչի օրինակ է ծառայել:

1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում նրա ներդրած ծանրակշիռ անձնական ավանդը, դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին լինելու պատրաստակամությունը, հոգատար վերաբերմունքը մեծապես գնահատվեցին մեր ժողովրդի կողմից՝ արժանացնելով նրան Հայաստանի ազգային հերոսի կոչման:

Նա մշտապես մեծ ուշադրությամբ է վերաբերվել Հայաստանին, ընդունել նրա խնդիրներն ինչպես իրենը՝ միաժամանակ զգալի ջանքեր ներդնելով հայ-ռուսական միջպետական հարաբերությունների համակողմանի զարգացման ու ամրապնդման ուղղությամբ:

Ջերմությամբ եմ հիշում մեր բոլոր հանդիպումները և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում Նիկոլայ Ռիժկովի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, նրան ճանաչող ու հարգող բոլոր անձանց:

Աստված լույսի և խաղաղության մեջ պահի Նիկոլայ Ռիժկովի ազնիվ հոգին», – ասված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Տեսանյութեր

Լրահոս