Հայաստանի և Հունաստանի նպատակն է պաշտպանել միջազգային իրավունքը․ Հունաստանի խորհրդարանի նախագահ
Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Հունաստան և ընդգծել երկու երկրների միջև առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունների փաստը: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նա վստահեցրել է, որ այցի արդյունքում հայ-հունական հարաբերությունները էլ ավելի կամրապնդվեն և կուժեղանան։
« Պարոն վարչապետ, մենք երկու երկրներն ենք, որոնք սատարում են և աջակցում են միջազգային իրավունքին և բազում անգամ հարվածներ ենք ստացել մեր իրավունքների նկատմամբ։ Մենք համագործակցում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում, որի նպատակն է պաշտպանել միջազգային իրավունքը, որը միակ ձևն ու ձևաչափն է քաղաքակիրթ համագործակցության»,- ասել է Տասուլասը՝ ընդգծելով, որ պետք է կարողանալ հղել այն ուղերձը, որ միայն համագործակցությամբ և միայն նվիրված ու հավատարիմ մնալով միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին հնարավոր է գնալ առաջ և ունենալ այնպիսի բարեկամական և դաշնակցային հարաբերություններ, ինչպիսիք Հունաստանը ունի Հայաստանի հետ։
Հունաստանի խորհրդարանի նախագահը կարևոր է համարել արձանագրել, որ հանդիպմանը ներկա են նաև երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի անդամները՝ շեշտելով երկու երկրների խորհրդարանների միջև արդյունավետ համագործակցությունը։