ԱԶԿ-ի մամուլի խոսնակը հայկական սփյուռքին մեղադրում է խաղաղ գործընթացը տապալելու մեջ

Փետրվարի 26-ին Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը ելույթ է ունեցել կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսում:

Նա անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացիներին: Մասնավորապես խոսել է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Անշուշտ, մեծ զգայունությամբ ենք հետևում այն իրավիճակին, որն ի հայտ է եկել Ղարաբաղի (Լեռնային Ղարաբաղ) պատերազմից հետո: Այդ շրջանակում Հայաստանի հետ կարգավորման գործընթացը ևս փորձում ենք դինամիկ կերպով Ադրբեջանի հետ ներդաշնակեցված և համաձայնեցված առաջ մղել»,- ասել է նա, ապա նաև հավելել, որ որոշ արևմտյան պետություններ փորձում են սաբոտաժի ենթարկել այդ գործընթացը, ինչին էլ իբրև որպես հակազդման միջոց հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որն իր խոսքով, համաձայնեցված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Ստեղծենք տարածաշրջանային երկրների մասնակցությամբ մի մեխանիզմ, որն ապահովելու է տարածաշրջանային քաղաքականությունը»,-նշել է Չելիքը։

Չելիքը Հայաստանին մեղադրել է նաև «ագրեսիվության» մեջ և նշել, որ Հայաստանին այդ մեխանիզմում պատրաստ են ներառել՝ եթե հրաժարվի դրանից:

Բացի այդ, նա նույնօրինակ գործողությունների մեջ մեղադրել է հայկական սփյուռքին՝ պնդելով, որ նրանք ևս մտադիր են խոչընդոտել այդ գործընթացը:

Թուրքիայում իշխող կուսակցության մամուլի խոսնակն այս ամենին զուգահեռ հայտարարել է, որ Հայաստանում կարգավորում իրականացնելու համար այժմ կամք է դրսևորվում, ապա նաև հայտարարել, որ Թուրքիան շարունակելու է աջակցել տարածաշրջանում վարվող խաղաղ դիվանագիտությանը:

Տեսանյութեր

Լրահոս