ՌԴ սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՌԴ սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։

«Ես նման քննարկման չեմ մասնակցել, գուցե իրավապահների կամ համապատասխան մարմինների հետ քննարկվել է, ես չեմ մասնակցել, բայց իմ կարծիքով ճիշտ կլինի որ դուրս գան»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սիմոնյանը՝ վստահեցնելով, որ Հայաստանը կարող է պաշտպանել իր սահմանները։

«Ես վստահ չեմ, որ իրենք կպաշտպանեն։ Ապացուցվեց մի քանի անգամ արդեն, որ իրենք չպաշտպանեցին։ Էլ չեմ ասում, որ ամեն ինչ արեցին, որ այդ սահմանները շատ ավելի խոցելի լինեն։ Եկան ԼՂ ի՞նչ արեցին, եկան դուրս ուղեկցեցի՞ն, հա՞։ Դա՞ էր պաշտպանելը։ Մի օր էլ գան «Զվարթնոցից» ինձ ու Ձե՞զ ուղեկցեն դուրս»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Պատասպանելով ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու մասին հարցին` նա ասաց, որ չմասնակցությունն արդեն իրենից ներկայացնում է սառեցված հարաբերություն։

«Այո, մենք ՀԱՊԿ-ին մի հարց ենք տվել, որը մնացել է անպատասխան` որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին։ Քանի դեռ էդ հարցի պատասխանը չկա, ՀԱՊԿ–ը ինքնին իրեն անջատել է և չի աշխատում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի այլընտրանքը յուրաքանչյուր հնարավոր միջոցով ՀՀ-ի անվտանգությունն ապահովելն է։

Տեսանյութեր

Լրահոս