ԱՄՆ-ը ճանաչում է խաղաղ ատոմից օգտվելու Իրանի իրավունքը. Բարաք Օբամա
Ամերիկյան NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հորդանան այցելած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է այդ երկրի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Օբաման անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի խնդրին.
«ԱՄՆ-ը չի հրաժարվի Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցերը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու փորձերից: Երբ ես եկա Սպիտակ տուն, ես անմիջապես հայտարարեցի այդ մասին: Եվ ներկայումս ես վստահ եմ, որ միակ եղանակը, որը կարող է լուծել տվյալ խնդիրը, դիվանագիտությունն է:
ԱՄՆ-ը ճանաչում է խաղաղ ատոմից օգտվելու Իրանի իրավունքը, սակայն Իրանի իշխանությունները պետք է ներկայացնեն էական ապացույցներ, որ իրենց ազգային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ: Այդ ժամանակ էլ Իրանը կարող է աշխատել իր միջուկային ծրագրի վրա:
ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանի կողմից միջուկային զենքի մշակում և դրա համար կօգտվի հնարավոր բոլոր եղանակներից: Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելը կհանգեցնի աղետալի հետևանքների տարածաշրջանի և ընդհանրապես աշխարհի համար»: