Եթե պատերազմ սկսվի, անպաշտպան ենք մնալու, պարզ չէ՝ ում ենք դիմելու օգնության համար․ Վիգեն Հակոբյան

Փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ կժամանի Հայաստան։

Ռուսաստանի հետ պատերազմի մեջ գտնվող երկրի՝ Ուկրաինայի նախագահի ժամանման օր է նախատեսված մարտի 4-ը։

Այսօր ԱԳՆ-ից այս առնչությամբ ոչինչ չասող արձագանք է եղել։ «Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի համոզմամբ՝ այն դեպքում, երբ այս լուրից ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանը ղեկավարողը՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարում է, որ պատերազմի վտանգը շատ մեծ է, ապա ցուցադրական քայլերով վանում է Ռուսաստանին Հայաստանից, Զելենսկու ժամանումը նշանակում է, որ Հայաստանը ղեկավարողն ինքն իր ձեռքով փոքրացնում է Հայաստանի պաշտպանական հնարավոր բոլոր ռեսուրսները՝ և՛ քաղաքական, և՛ ռազմական իմաստով։

Կարդացեք նաև

«Իհարկե, միշտ կարելի է ասել, թե Ռուսաստանն իր քայլերով չի արդարացնում իր դաշնակցային պարտավորությունները կամ դրանք չի կատարում այն ծավալով, որոնք նախատեսված են։ Մեզ համար մեծ նշանակություն չունեն Ռուսաստանի պատճառաբանությունները, թե ինչու ինքն իր ռազմավարական դաշնակցային պարտավորությունները ողջ ծավալով չի կատարում, ուստի այս առումով կա հիասթափություն։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանի այլընտրանքը չի ձևավորվում. Արևմուտքից, բացի շատ սիմվոլիկ քայլերից՝ նկատի ունեմ Ֆրանսիային, որևէ այլ բան չկա»,- ասաց Հակոբյանը։

Վերջինս վստահ է՝ այս ամենի համադրությունը գալիս է ցույց տալու, որ պատերազմի վտանգն էական է, խաղաղության գործընթացը՝ տապալված, ինչպես ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։

Դա բերում է նրան, որ, եթե պատերազմը սկսվի, մենք լրիվ անպաշտպան ենք մնալու։ Կապ չունի՝ այդ պատերազմը կլինի մե՞ծ, թե՞ սահմանային տարբեր վայրերում, անպաշտպան ենք լինելու, որովհետև պարզ չէ, թե ում ենք դիմելու օգնության համար»,- խոսքը եզրափակեց քաղտեխնոլոգը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս