Բաքվից հնչող հայտարարությունները վերլուծելով` գալիս ենք եզրակացության, որ` այո, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է. Նիկոլ Փաշինյան
Արդյոք «Խաղաղության պայմանագիրը» հնարավոր է շուտով, և արդյոք Ալիևը պատրաստում է նոր լայնամասշտաբ պատերազմ: France 24-ի եթերում անդրադառնալով այս հարցին` Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Հիմնական խնդիրը հետևյալն է` այն երեք սկզբունքները, որ հայտարարված են և հրապարակված են միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, մենք խնդիր ենք ունենում էս սկզբունքները արտահայտել Խաղաղության պայմանագրի մեջ: Այսինքն` էս ճանապարհին է մեր պրոբլեմը: Ինչ վերաբերում է հնարավոր էսկալացիային, մենք այս պրոբլեմները, նաև պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները վերլուծելով` գալիս ենք եզրակացության, որ` այո, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է, որովհետև, օրինակ, պաշտոնական Բաքվից շատ հաճախ հնչում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններ, դրանք նշանակում են… կարճ ասած` նրանք այդպես անվանում են ՀՀ-ն` նկատի ունենալով, որ ՀՀ տարածքների մեծ մասը ադրբեջանական է: Երբ նրանք առանց տարընթերցումների մեր տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը գործնականում չեն ճանաչում, այդտեղից էլ գալիս են վերլուծությունները»:
Փաշինյանի խոսքով` դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է, որ հարձակման ոչ մի մտադրություն չունի, բայց որտեղից են գալիս այդ տեսակետները հարձակման հավանականության մասին:
«Երկու բան. առաջինը, որ արդեն իսկ հրապարակայնորեն պայմանավորված սկզբունքները խաղաղության պայմանագրի տեքստի մեջ արտահայտելիս մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից հարուցվող որոշակի դժվարություններ, երկրորդը` հրապարակային խոսույթը, հռետորիկան ամենաբարձր մակարդակով հնչող, եթե կարճ ներկայացնեմ` ՀՀ-ն «Արևմտյան Ադրբեջան» անվանելու մեջ է արտահայտվում, և երրորդը` ագրեսիվությունը սահմանին. նույն վերջին միջադեպը, երբ մենք չորս զոհ ունեցանք, այդ միջադեպը որևէ ձևով արդարացված չէ. նրանք հայտարարել էին, որ իրենց զինվորներից մեկը վիրավոր է, մենք հայտարարեցինք, որ հետաքննություն կիրականացնենք, որովհետև կա հրաման՝ չարդարացված ձևով որևէ գործողություն չիրականացնելու, և եթե պարզվի, որ կա այդ հրամանի խախտում, կլինեն նաև օրենքով նախատեսված հետևանքներ, բայց չնայած այս հայտարարություններին` Ադրբեջանը առիթը օգտագործեց, որ ագրեսիվություն ցուցաբերի: Այս փաստերն են, որ բերում են շատերին` հայաստանյան և միջազգային փորձագետների, եզրակացության, որ Ադրբեջանը հարձակում է նախապատրաստում Հայաստանի դեմ»,- ասել է նա:
Հարցին` արդյոք վստահում է Ադրբեջանի նախագահին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.
«Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների պատմությունը հենց ինքը խորը անվստահության հիմք է, կարծում եմ` իմաստ էլ չունի մեզ փոխադարձաբար հարցնել` վստահում ենք իրար, թե ոչ, ակնհայտորեն` ոչ, բայց խնդիրը հետևյալն է` պատրաստվում ենք արդյոք մենք փոքր քայլերով վստահություն կառուցել, հենց այդ պրոցեսում է, որ մենք դժվարություններ ունենք»: