Թեժ զրույց՝ Փաշինյանի և Փափազյանի միջև Ֆրանսիայում` Մակրոնի ներկայությամբ

Չորեքշաբթի օրը, փետրվարի 21-ին, Ֆրանսիայի պանթեոնում Միսաք Մանուշյանի և նրա կնոջ վերահուղարկավորության առիթով Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիայում գտնվելու հանգամանքից օգտվելով, Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանի և CCAF-ի (Ֆրանսիահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդ) համանախագահներ՝ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի շփումը: Զրույցը տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի ներկայությամբ՝ Ելիսեյան պալատում կազմակերպված ընթրիքի ավարտին։

Նախագահ Մակրոնը բացել է զրույցը՝ հստակեցնելով՝ անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների շփումների անհրաժեշտությունը, եթե նույնիսկ տարաձայնությունները կարող են բաժանել նրանց։ Նախագահ Մակրոնը բարձր է գնահատել Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի ի նպաստ Հայաստանի կատարած աշխատանքը։ Նա շեշտել է Հայաստանին պաշտպանելու նրանց վճռականությունը և Ֆրանսիայի հայ համայնքին, Ֆրանսիայի կառավարության և քաղաքական բոլոր դերակատարներին համախմբելու նրանց կարողությունը:

Ֆրանսիայի նախագահի խոսքերից հետո Մուրադ Փափազյանը ողջունել է այս նախաձեռնությունը։

Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ CCAF-ի համանախագահը դատապարտել է իր նկատմամբ 19 ամիս շարունակված Հայաստանի մուտքի իրավունքի արգելանքի փաստը, ինչն ի վերջո վերացվել է Հայաստանի արդարադատության համակարգի կողմից։ Մուրադ Փափազյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանին այս խորապես ոչ ժողովրդավարական և պառակտող որոշումը կայացնելու համար։

Մուրադ Փափազյանն ընդգծել է այն տարաձայնությունները, որոնք կարող էր ունենալ Նիկոլ Փաշինյանն իր հետ՝ միաժամանակ պնդելով դրանք հրապարակայնորեն արտահայտելու իր իրավունքը՝ ազատ և ժողովրդավարական բանավեճի շրջանակներում։ Ժողովրդավարության այս դասից ակնհայտորեն նյարդայնացած Նիկոլ Փաշինյանը բարկացել է և քննադատել է Մուրադ Փափազյանին՝ Ֆրանսիայի նախագահի առջև այս թեման քննարկելու համար։

Մուրադ Փափազյանը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահն է այդ նախաձեռնության հեղինակը, և որ, հավանաբար, Ֆրանսիայի նախագահը միակ անձն է, ով կարող էր կազմակերպել այս երկխոսությունը։

Այդ պատասխանից է՛լ ավելի զայրացած Նիկոլ Փաշինյանը ասել է, թե արգելել է Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան այն պատճառով, որ վերջինս 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում ցույց է կազմակերպել նրա դեմ։

Այս անհիմն պնդումը բազմիցս տարածվել է Հայաստանի վարչապետի գրասենյակի կողմից և մշտապես հերքվել է Մուրադ Փափազյանի կողմից։ Այնուամենայնիվ այդ զրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը էլի կրկնել է այս մեղադրանքը, իսկ Մուրադ Փափազյանը ևս մեկ անգամ մերժել է այն՝ միաժամանակ զարմանալով, որ Հայաստանի անվտանգության ծառայություններն այս մեղադրանքը չեն ներկայացրել դատարան։

Մուրադ Փափազյանը նաև պարզաբանել է, որ ցույցի իրավունքն արգելված չէ ժողովրդավարական երկրում։ Նա զարմանք է հայտնել Նիկոլ Փաշինյանի թույլ փաստարկի և նրա արտահայտությունների խեղճության համար:

Զրույցի ավարտին նախագահ Մակրոնը մի կողմ է առանձնացել Հայաստանի վարչապետի հետ, որից հետո Փաշինյանը Մուրադ Փափազյանին հայտնել է, որ իշխանությունները Հայաստան վերադառնալու իր իրավունքը վերականգնելու որոշումը չեն բողոքարկելու։

ՀՅԴ Փարիզի գրասենյակ
23.02.2024

Տեսանյութեր

Լրահոս