Դատավոր Գրիգորյանի գործով առանցքային վկան հաջորդ դատական նիստին բերման կենթարկվի
Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով առանցքային վկան՝ Սերգո Փանոսյանը, հաջորդ դատական նիստին բերման կենթարկվի։ Նման որոշում կայացրեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը։
Հիշեցնենք, որ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր, որը 2019 թ. այդ քրեական գործի վարույթը կասեցրել էր և դիմել ՍԴ։ Դատավորին հետագայում` մեկ այլ գործի շրջանակում, մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Այս գործով առանցքային վկան՝ Սերգո Փանոսյանը, ինչպես նախորդ, այնպես էլ այսօրվա դատական նիստին չէր ներկայացել, թեև նախորդ նիստին նույնպես դատավորը որոշում էր կայացրել հարկադրանքի միջոց կիրառել և դատարան ներկայացնելու համար բերման ենթարկել նրան։ Այսօրվա նիստում դատավոր Դադոյանը վերահաստատեց վկային բերման ենթրակելու իր նախորդ որոշումը։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 14–ին։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, ապա նա ներառվել է ռեզերվում։ Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև փաստաբան Գոռ Վարդանյանը, որը մեղադրվում է օժանդակության մեջ։