ՀՀ-ն Բրյուսելին տեղեկացրել է, որ պատրաստ է մասնակցել ԵՄ քաղաքացիական առաքելություններին

Հայաստանը պատրաստ է մասնակցել ԵՄ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության քաղաքացիական առաքելություններին. Երևանում կայացած դիտորդական առաքելության մեկամյակին նվիրված միջոցառման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մեր գնահատմամբ ՝ առաքելությունը նպաստում է տարածաշրջանում կայունությանը և կարևոր գործոն է ընթացիկ իրադարձությունների մասով թափանցիկություն ապահովելու համար։ Մենք անընդունելի ենք համարում տարբեր երկրներից առաքելության նկատմամբ հնչող անհիմն քննադատությունը և աջակցում ենք առաքելությանը՝ իր մանդատն ամբողջ ծավալով իրականացնելու գործում»,- ասել է Գրիգորյանը ։

Նրա խոսքով` Հայաստանը չի ցանկանում լինել միայն անվտանգության սպառող։

«Եվ այս համատեքստում Հայաստանը Բրյուսելին տեղեկացրել է, որ Երևանը պատրաստ է իր ներդրումն ունենալ ԵՄ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության քաղաքացիական առաքելություններում»,- նշեց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը հավելեց նաև, որ եթե նախկինում ԵՄ–ի հետ համագործակցությունը եղել է տնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումների շուրջ, այսօր ՀՀ-ԵՄ համագործակցությունն ընդլայնվել է և իր մեջ ներառել է անվտանգությունը որպես համագործակցության կարևոր ուղղություն։

«Մենք ԵՄ-ն և անդամ պետությունները դիտարկում ենք որպես ՀՀ անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևոր գործընկերներ»,- նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս