Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը. «Ազատություն»
«Ազատության» տեղեկություններով՝ ձերբակալվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը:
«Ազատության» հետ զրույցում Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, առանց անձի անունը նշելու, հաստատեց՝ ասելով.
«Երեկ Մոսկովյան փողոցից քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները՝ թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են մի քաղաքացու, որին տեղափոխել են կենտրոնական բաժին, այնուհետև ներկայացրել նախաքննական մարմին»:
ՆԳՆ մամուլի քարտուղարի փոխանցմամբ, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երեկ ավելի վաղ Շահրամանյանի աշխատակցի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում․ Աշոտ Դանիելյանը հայհոյել էր Արցախի նախագահին հարցեր ուղղած լրագրողին և օպերատորին: Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ցավում են միջադեպի համար, հայցում լրագրողների ներողամտությունը:
«Անթույլատրելի որակելով տեղի ունեցածը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը միջադեպից ժամեր անց ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը»,- հավելել էին Տեղեկատվական շտաբից: