Սա պետության հանդեպ անլրջության արձանագրում, ցցուն հետամնացության դրսևորում է. Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի ճամփորդությանը Մյունխենում: Նա գրել է. «Կնոջ և դուստրերի հետ Մյունխեն մեկնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ապա ինչ-որ պաշտոնական դահլիճում ներկա գտնվող՝ դուստրերի լուսանկարներն իրականում պարզապես ընտանեկան լուսանկարներ չեն, այլ պետության փաստացի ղեկավարի՝ պետության հանդեպ անլրջության արձանագրում։

Ընտանեկան ճանապարհորդությունը և պետական պաշտոնական այցերը որպես նույն՝ մեկ ամբողջություն ընկալելու և մատուցելու այս արատավոր մոտեցումը պարզ քաղաքական և մարդկային չտեսության դրսևորում է։

Ինձ անկեղծորեն հետաքրքրում է՝ Նիկոլ Փաշինյանը երբևէ իր ընտանիքի հետ, սեփական՝ ընտանեկան բյուջեի հաշվին արտերկիր մեկնե՞լ է, որ այսպես է շրջագայում է ենթադրաբար՝ Հայաստանի պետության հաշվին։ Անգամ՝ եթե այս անգամ էլ «ինքնաթիռում ազատ տեղեր կային», իսկ հյուրանոցի համար արդեն վճարված էր ՀՀ պետբյուջեից կամ անգամ՝ հրավիրող կողմից։ (Անգամ, եթե Փաշինյան ընտանիքն է վճարել՝ դարձյալ խիստ անընդունելի է)։

Հավանաբար դժվար է չտրվել միանձնյա իշխանության գայթակղությանը և պաշտոնական այցերը չզուգակցել ընտանեկան ճանապարհորդության հետ։

Պատմությունը տեսել է ընտանեապետության բազում դեպքեր, բայց 21-րդ դարում սա ցցուն հետամնացության դրսևորում է։

Մյունխենի Անվտանգության գագաթաժողովին ուղեկցող Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լուսանկարները ցավալիորեն վկայում են, որ Հայաստանը մնացել է քաղաքականության միջնադարում»։

Տեսանյութեր

Լրահոս