«Հայաստանի հետ լարվածության ֆոնին Ադրբեջանը ԱԹՍ-եր, ռազմական տեխնիկա է գնում». Տիգրան Բալայան
Ադրբեջանը Հայաստանի հետ լարվածության ֆոնին արտերկրից անօդաչու սարքեր և ռազմական տեխնիկա է գնում, դրանք, ըստ տեղեկությունների, գալիս են նաև Իսրայելից և Թուրքիայից: Այս մասին Brussels Signal-ի հետ զրույցում ասել է Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանը:
Հայաստանը հետևել է զինամթերքի գնումներին, որոնք, ըստ տեղեկությունների, եկել են ռազմական թռիչքներով՝ այդ թվում Իսրայելից և Թուրքիայից: Այս առաքումները, ենթադրաբար, ներառում են անօդաչու սարքեր:
«Ադրբեջանի ռազմական տեխնիկայի 60 կամ 70 տոկոսը գալիս է Իսրայելից, այնուհետև Թուրքիայից», – ասել է Բալայանը:
Դեսպանը նաև նշել է, որ ավելացել են ռազմական թռիչքները Սերբիայից, որը վերջերս հայտարարել է Ադրբեջանին որոշ հրետանային տեխնիկա վաճառելու համաձայնության մասին:
Բալայանը, խոսելով Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին, որի հետևանքով 4 հայ զինծառայող է զոհվել, նշել է, որ դա պատասխան է Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության մակարդակի աճին։
«Այդ հարձակումը մեսիջ էր ոչ միայն Հայաստանին, այլ նաև Բրյուսելին»,- ասել է Բալայանը՝ հավելելով, որ միջադեպը տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստից մի քանի ժամ առաջ։
Բալայանը հարձակումը որակել է որպես բացահայտ «մարտահրավեր»՝ ուղղված տարածաշրջանում ԵՄ «իշխանությանը»:
Դեսպանը նշել է, որ Ադրբեջանը մտադրություն չունի վերջ դնել Հայաստանի հետ հակամարտությունը։
«Չնայած բոլոր նախազգուշական կոչերին՝ Ադրբեջանը չդադարեցրեց իր ագրեսիվ հռետորաբանությունը, ագրեսիվ գործողությունները, սպանությունները և սադրանքները»,- ասել է նա: