Տեղական ռազմարդյունաբերությունը Թուրքիայի օրակարգում է
Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար պրոֆեսոր Հալուք Գյորգյունը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է տեղական ռազմարդյունաբերությանը վերաբերող հարցերին: Նա նշել է, որ տեղական ռազմարդյունաբերությունը Թուրքիայի համար կարևոր տեղ է զբաղեցնում և այն տարբեր երկրների հետ տարբեր մակարդակներում ունեցած հանդիպումների ընթացքում գլխավոր երեք թեմաներից մեկն է հանդիսանում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գյոգյունը հավելել է, որ այդ ոլորտում գրանցվել են հաջողություններ և այժմ տարբեր երկրներ Թուրքիայից տարբեր տեսակի ռազմատեխնիկա են ցանկանում գնել: Ըստ նրա՝ Թուրքիան այժմ 185 երկրի ռազմատեխնիկական մատակարարումներ է իրականացնում:
«Մենք դիտարկում ենք հակաօդային, ցամաքային և ռազմածովային տեխնիկայի տրամադրումը մեր գործընկեր երկրներին, ինչպես նաև նրանց սպառազինությունում առկա համակարգերի արդիականացումը»։
Գյորգյունն ընդգծել է, որ 2024 և 2025 թվականները ռազմարդյունաբերության տեսանկյունից ավելի հաջող են լինելու: Նա նաև հայտնել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությանը կից գործող միջազգային համագործակցության զարգացման վարչությունում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ կապ ունեցող վարչություն է ստեղծվելու:
Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավարը տեղեկացրել է, որ Թուրքիայում գործող ընկերություններին, որոնք զբաղվում են ռազմատեխնիկայի արտադրությամբ, առաջարկել է դիտարկել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների շուկաները: