3-րդ Հանրապետությունը թաղելու, 4-րդի հիմնադիր հայր հռչակվելու ճանապարհին գիտաժողով կանցկացնեն
Արարատ սարն Արագածին հակադրող, Հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ փոխարինելու մասին հայտարարող և Հայաստանի 3-րդ Հանրապետությունը թաղել փորձող Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը հրատապ որոշել է Հարավային Կովկասում և լայն տարածաշրջանում Հայաստանի կարևոր պատմամշակութային դերն ընդգծելու նպատակով գիտաժողով կազմակերպել։
Նշենք, որ նման գիտաժողովների անցկացումը, սովորաբար, կառավարությունները նախապես են պլանավորում, որպեսզի պետության բյուջեում այդ նպատակով գումար նախատեսվի, ինչն այս պարագայում չի արվել։
Թեև 2024 թվականի բյուջեն կազմվել է առանց նման միջոցառման համար գումար հատկացնելու, սակայն Փաշինյանի աշխատակազմը որոշել է, որ այդ գիտաժողովն անհրաժեշտ է, ուստի Կառավարության պահուստային ֆոնդից 39 միլիոն դրամ է հատկացվել դրա անցկացման համար այն դեպքում, երբ Ֆինանսների նախարարությունից առարկել են՝ պնդելով՝ պահուստային ֆոնդը ծանաբեռնված է, գումար չկա, ուստի, նման ծախսերը գոնե Փաշինյանի աշխատակազմի տնտեսումների հաշվին պետք է անել։
Պարզվել է՝ Փաշինյանի աշխատակազմը տնտեսած գումար չունի, և 39 միլիոն դրամը տրվել է Կառավարության պահուստային ֆոնդից։
Այդ գումարով 2024թ. մարտին կկազմակերպվի մեկ միջազգային գիտաժողով, որին կմասնակցեն 30 անվանի հայագետներ արտերկրից (օտարազգի և ազգությամբ հայ) և ևս 30-ը՝ Հայաստանից։
Գիտաժողովին ներկայացված թեմաներով կկազմվի մեկ ժողովածու, ենթադրաբար՝ 600-700 էջանոց։
Հավելենք, որ գիտաժողովի անցկացումը Փաշինյանի իշխանության համար համարվել է որպես քաղաքական առաջնահերթություն, ուստի չի բացառվում, որ 60 գիտնականի մեկ գիտաժողովի շրջանակում Փաշինյանը հավաքում է Հայաստանի 3-րդ Հանրապետության վախճանն ազդարարելու, 4-րդ հանրապետության հիմնադիր հայ հռչակվելու նպատակով։