Գերմանիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել
Գերմանիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են կնքել։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնագիրն ստորագրել են փետրվարի 16-ին, Բեռլինում։ Գերմանիայի դաշնային կառավարության ներկայացուցչի խոսքով՝ դա «համաձայնագիր է Ուկրաինային ցուցաբերվող երկարաժամկետ աջակցության և անվտանգության երաշխիքների վերաբերյալ»։
Ավելի վաղ՝ հունվարի 12-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն էին ստորագրել համաձայնագիր անվտանգության երաշխիքների շուրջ, որոնք կգործեն մինչև Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Մեծ Բրիտանիան առաջին երկիրն է դարձել, որը պայմանագիր է ստորագրել Կիևի հետ, ինչը նախատեսում է արագ և շարունակական աջակցություն Ուկրաինայի վրա նոր հարձակման դեպքում:
Reuters-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիան կդառնա երրորդ երկիրը, որը երկկողմ անվտանգության համաձայնագիր կստորագրի Ուկրաինայի հետ։ Դա նախատեսված է Ելիսեյան պալատում փետրվարի 16-ի երեկոյան։
Եվրոպական երկրները մեծացնում են օգնությունը Կիևին ԱՄՆ-ում ներքաղաքական ճգնաժամի պայմաններում. Կոնգրեսի հանրապետականները շարունակում են արգելափակել լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը, որը նաև նախատեսում է միջոցների հատկացում Ուկրաինային: