Ալի Խամենեին դեմ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ երկխոսելուն

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին այլևս չի հրաժարվում Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցելու գաղափարից, սակայն վստահ չէ այդպիսի երկխոսության արդյունավետության մեջ:

Փետրվարի սկզբին Խամենեին հայտարարել էր, որ հրաժարվում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցելուց: Իսկ ահա երեկ նա հայտարարել է հետևյալը. «Ամերիկացիներն ազդանշան են ուղարկել բանակցային դաշտում (Ալմա Աթայում՝ Իրանի ու «Վեցյակի» միջև) միջուկային ծրագրի վերաբերյալ ուղիղ բանակցություններ անցկացնելու մասին:

Ես լավատեսորեն չեմ նայում դրան, սակայն ես դեմ չեմ դրանց անցկացմանը: Այդ բանակցություններում Վաշինգտոնի նպատակն Իրանի վրա ճնշում գործադրելն է և ոչ թե պայմանավորվածության գալը»:

Հիշեցնենք, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների առաջիկա փուլն Ալմա Աթայում անցկացվելու է ապրիլի 5-6-ին: Իրանն ու «Վեցյակը» Ալմա Աթայում բանակցել են նաև այս տարվա փետրվարի 26-27-ին:

Տեսանյութեր

Լրահոս