Էրդողանը հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 14-ին 12 տարի ընդմիջումից հետո պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոս: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Եգիպտոսի նախագահի կողմից Իթթիհադիե պալատում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել երկու երկրների նախագահների հանդիպումը:
Հանդիպմանը, բացի երկկողմ հարաբերություններից, օրակարգային ամենակարևոր հարցեր են եղել Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները, Արևելյան Միջերկրական ծովում համագործակցությունը, Լիբիայում ծավալվող քաղաքական իրադարձությունները, Սիրիայում տիրող իրավիճակը և երկկողմ տնտեսական հարաբերությունները։
Էրդողանին Եգիպտոս այցի ժամանակ ուղեկցում են արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը։
Թուրքիայի և Եգիպտոսի հարաբերությունները վատթարացել էին 2013-ի ամռանը Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ»-ին քաղաքական իշխանությունից հեռացնելու հարցում Թուրքիայի դիրքորոշման պատճառով: Այդ ամենը հանգեցրել էր անգամ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցմանը և դեսպանները փոխադարձաբար հետ էին կանչվել: