Բաժիններ՝

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն իմփիչմենթ է հայտարարել Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին

Հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն իմփիչմենթ է հայտարարել դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի սահմանային անվտանգության հարցերով գլխավոր պաշտոնյային՝ միգրացիայի հետ կապված խնդիրների պատճառով։

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասին պաշտոնից հեռացնելուն կողմ է արահայտվել 214 կոնգրեսական, դեմ՝ 213: Նրան մեղադրում են ԱՄՆ Կոնգրեսի առջև կեղծ ցուցմունքներ տալու և միգրացիոն օրենքները չկիրառելու մեջ, որն, ըստ հանրապետականների, հանգեցրել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ներգաղթյալների ռեկորդային հոսքի։

ԱՄՆ պատմության մեջ սա երկրորդ դեպքն է, որ Ներկայացուցիչների պալատն իմփիչմենթ է հայտարարում նախագահի կաբինետի անդամներից մեկին։ Առաջին նման դեպքը տեղի է ունեցել գրեթե 150 տարի առաջ։

Այնուամենայնիվ, ըստ Reuters-ի, քիչ է հավանականությունը, որ դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատը կողմ կքվեարկի Մայորկասին պաշտոնից ազատելուն։

Մայորկասը հայտարարել է, որ սահմանին տիրող իրավիճակի համար պատասխանատվություն չի կրում, և դրանում մեղադրել է ԱՄՆ «խարխլված» ներգաղթային համակարգը, որին Կոնգրեսը չի կարողանում լուծում տալ։

Իր հերթին, Ջո Բայդենը ներքին անվտանգության հարցերով նախարարին իմփիչմենթի հայտարարումն անվանել է «ոչ սահմանադրական»՝ նշելով, որ հանրապետականները «թիրախավորել են հարգարժան պետական ծառայողի՝ մանր քաղաքական խաղեր խաղալու համար»։

2021 թվականին Բայդենի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Մեքսիկայից ԱՄՆ անօրինական ճանապարհով անցել են ռեկորդային թվով միգրանտներ, ինչը նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դարձրել է Բայդենի դեմ իր ընտրարշավի գլխավոր թեմաներից մեկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս