ՌԴ-ին որոշակի հավաստիացումներ են պետք․ Պեսկովը՝ ՌԴ նախագահի՝ ՀՀ հնարավոր այցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ Ռուսաստանին անհրաժեշտ են որոշակի հավաստիացումներ հայաստանյան գործընկերներից ՝ կապված Միջազգային քրեական դատարանին միանալու հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք արդեն ասել ենք, որ, Հայաստանի միացումը միջազգային այս կանոնադրությանը չի կարող բացասական ազդեցություն չունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է որոշակի հավաստիացումներ ստանալ մեր հայաստանյան գործընկերներից։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակներում, ինչին էլ մենք տրամադրված ենք», – ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ The Telegraph-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորհուրդների կարիքը չունի Հայաստան գալու հարցում՝ Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման պատճառով:
Հայաստանը փետրվարի 1-ից պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ: Երևանը, վավերացնելով Հռոմի կանոնադրությունը, փետրվարի 1-ից դարձել է ՄՔԴ լիիրավ անդամ. դա Ռուսաստանի հետ հարաբերությունների որոշակի սառեցում են առաջացրել։