Արմեն Մարտիրոսյանի քենին զինվորական է, շախմատի ուսուցչուհի, բայց քաղաքականությունից հեռու է
Խնամիական կապերը ոչ թե թուլացնել այլ հզորացնել է պետք, բայց դա չի նշանակում, որ մեր լիազորությունները պետք է կիրառենք բարեկամների համար: Այս մասին քաղաքացիական հինգերորդ ֆորումի ժամանակ այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Բարև Երևան» ընտրացուցակի առաջատար, քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը:
«Բարեբախտաբար, թե դժբախտաբար իսկապես չունեմ աներձագ: Ընդհամենը մեկ քենի ունեմ, ով Կապանում է ապրում, զինվորական կին է, շախմատի ուսուցչուհի, բավականին հեռու քաղաքականությունից: Այնպես որ՝ այս առումով որևէ խնդիր չկա: Բաջանաղիս հետ կապված ևս խնդիր չունեմ՝ զինվորական է»,- հայտարարեց նա:
Արմեն Մարտիրոսյանը խոստովանեց, որ Երևանում շատ մեծ բարեկամություն ունի, բոլորը գործ ունեն, պայքարի մեջ են, միշտ աշխատել են և վստահեցրեց, որ որևէ փոփոխություն, վստահության արժանացման դեպքում, չի լինի, ինչպես իր հավաստմամբ, չի եղել պատգամավոր լինելու ժամանակ:
Նա համոզված է, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ քաղաքացին ավելի պահանջատեր կլինի իր քվեի նկատմամբ, քան փետրվարի 18-ի ընտրություններին: «Երևանում ընտրությունը կոմունալ տնտեսական խնդիրներ լուծելու ընտրություն չէ, դա կառավարման համակարգի կարևոր օղակի ընտրություն է, քաղաքական ընտրություն է: Բազմաթիվ քաղաքապետներ փոխվեցին, բայց տրասնպորտային երթուղիները սեփական կամ նեղ շրջապատին վերաբաշխելու լծակ եղան ու այդպես էլ մնացին, որովհետև դա քաղաքական որոշում է, և բացարձակ կապ չունի կառավարման հետ, ունակությունների հետ, որովհետև որևէ քաղաքապետ տրանսպորտի վարչությանը կամ դրա պետին չի փոխարինում»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ այս հարցը լուծում կգտնի այն պահից, երբ քաղաքապետի խնդիրը կլինի «ոչ թե մի խումբ մարդկանց հարստացնելը, սուպերմարկետներ շատացնելը, փոքր ու միջին բիզնեսի շրջանակը փոքրացնելը, այլ բոլորին ձեռնտու որոշումների ընդունումը»:
Նա հավաստիացրեց, որ այն թերացումները, որոնք եղել են փետրվարի 18-ին, չեն լինելու մայիսի 5-ին և ավագանու ընտրություններին իրենք կարողանալու են բոլոր ընտրատարածքներն ապահովել վստահվանծ անձանցով, հանձնաժողովի անդամներով: