Բաժիններ՝

Իսլանդիայի հրաբուխը կրկին ժայթքել է

Իսլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Ռեյկյանես թերակղզում փետրվարի 8-ի առավոտյան հրաբխի ժայթքում է սկսվել: Ինչպես տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին հաղորդում են երկրի իշխանությունները։

«Առավոտյան ժամը 05.30-ին ինտենսիվ ոչ մեծ երկրաշարժ է սկսվել Սիլինգարֆելից (գագաթ Իսլանդիայի հարավ-արևմուտքում) դեպի հյուսիս-արևելք: Մոտավորապես 30 րոպե անց նույն շրջանում ժայթքում է սկսվել», – ասվում է Իսլանդիայի օդերևութաբանական վարչության (IMO) հայտարարության մեջ:

Տարբեր հարթակներում հրապարակված լուսանկարներում ու տեսանյութերում երևում է, որ խառնարանից լավա է հոսում՝ լուսավորելով գիշերային երկինք բարձրացող ծխի սյունը։

IMO-ն հավելել է, որ նախնական գնահատմամբ՝ խոռոչը շուրջ երեք կիլոմետր երկարություն ունի: Այն ձևավորվել է նույն տարածքում, ինչ երկու նախորդ ժայթքումները։ Դրանցից առաջինը տեղի էր ունեցել 2023 թվականի դեկտեմբերի 18-ին, իսկ երկրորդը՝ 2024 թ․ հունվարի 14-ին` Գրինդավիկ քաղաքի մերձակայքում։ Քաղաքի գրեթե բոլոր 4000 բնակիչները տարհանվել էին: Լավան այրել էր տներից մի քանիսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս