Իրաքը հայտարարել է, որ ամերիկյան հարվածները ստիպում են դադարեցնել ԱՄՆ- ի գլխավորած կոալիցիայի առաքելությունը երկրում
ԱՄՆ-ի շարունակական հարձակումներն Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորայինների դեմ Իրաքի կառավարությանը դրդում են վերջ դնել երկրում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի առաքելությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրաքի վարչապետի ռազմական գծով խոսնակ Յահյա Ռասուլը։
Ըստ Reuters գործակալության՝ Ռասուլը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան «դարձել է անկայունության գործոն և սպառնում է Իրաքը խճճել հակամարտության շրջանի մեջ»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հարվածից Բաղդադում փետրվարի 7-ին սպանվել է «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման բարձրաստիճան հրամանատար Աբու Բաքիր ալ Սաադին, որին Պենտագոնը պատասխանատու էր համարում տարածաշրջանում ամերիկյան զորքերի վրա «հարձակումները պլանավորելու և դրանց մասնակցելու համար»։
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերն Իրաքում տեղակայվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար։ ԱՄՆ-ն Իրաքում ունի 2500 զինվորական, որոնք խորհրդատվություն են տրամադրում և տեղի ուժերին օգնում են թույլ չտալ, որ խմբավորումը գլուխ բարձրացնի։
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Իրաքում և Սիրիայում զինված խմբավորումները գրեթե ամեն օր հարվածներ են փոխանակում տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի հետ։ Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմակայանին հունվարի 28-ին հասցված հարվածի հետևանքով զոհվել էր ամերիկացի 3 զինծառայող, վիրավորվել՝ 40-ը։