Մարդուն գողություն անելուց չեն բռնել. Քերոբյանը՝ Փաշինյանին

Ինտենսիվ այգիների սուբսիդավորման ծրագիրը երկարաձգվեց մինչև 2025թ. վերջ։ ՀՀ կառավարությունն այդ մասին որոշում ընդունեց այսօրվա նիստում։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, խոսելով ծրագրի մասին, հայտնեց, որ նախորդ հինգ տարիներին 7000 հա հողի վրա ինտենսիվ այգիներ հիմնելու պայմանագրեր են կնքվել, որի արդյունքում գյուղատնտեսության այս ենթաճյուղում ներդրվել է ավելի քան 100 մլրդ դրամ։

«Գերնորմատիվային հողերի սուբսիդավորման արտոնությունը վերացնում ենք, այսինքն` հիմա ներդրողները կամ ֆերմերները, որոնք ինտենսիվ այգիներ են տնկում, հողերից կախված որևէ առավելություն չեն ստանա, քանի որ կաթիլային ոռոգման պարագայում ջրի ծախսը գրեթե նույնն է մնում»,- հայտարարեց Քերոբյանը։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ այս ծրագիրը ՀՀ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, քանի որ ջրային պաշարների ու հողերի ճիշտ կառավարման արդյունքում պետք է ակտիվացնել ինտենսիվ գյուղատնտեսությունը։

Նրա խոսքով` պետությունը պետք է աջակցի, որ տարեկան առնվազնը 1000 հա այգի հիմնվի։

«Պարոն նախարար, ձեր նշած 7000 հաժն օբյեկտիվ թիվ չէ, քանի որ մենք դեպքեր ունենք, երբ բացահայտվել են որոշ չարաշահումներ, որ ինտենսիվ այգի չկա, սակայն սուբսիդավորումը կա։ Հարց կծագի` ինչո՞ւ ենք այդ պայմաններում այս ծրագիրը շարունակում։ Ուղղակի պետք է ՀՀ կառավարության մեր գործն իրավապահ մարմինների գործից տարբերակվի։ Ով գողանում է, թող գնա պատասխանատվություն կրի։ Եթե չարաշահող մի 10 ընկերության պատճառով այդ ոլորտը պետք է ոչնչացնենք, դա նշանակում է, որ ՀՀ ապագան ենք ոչնչացնում»,- հայտարարեց Փաշինյանը։

Քերոբյանն էլ նշեց, որ իրավապահների հայտնաբերած վերջին խախտումներն ընդամենը 234 մլն դրամի մասին են, որն ընդհանուր ծավալի 0.2 տոկոսն է կազմում։

«Այստեղ ոչ թե գողության մասին է խոսքը, այլ տնտեսվարողների կողմից խարդախությունների մասին»,- պարզաբանեց Քերոբյանը։

Փաշինյանն իր հերթին նշեց, որ երբեմն գործադիր մարմնի ընթացակարգներն այնպես խճճված են լինում, որ սատանան անգամ երբեմն գլուխ չի հանի, թե ինչպես են դրանք աշխատում։ Այս դեպքում, ըստ նրա, սկզբունքը մեկն է` հասկանալ` ի վերջո, բյուջեից փող տարվե՞լ է, թե՞ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս