ՀՀ ՄԻՊ-ն ընտրվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի անդամ
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընտրվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի անդամ:
Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, առցանց նիստի շրջանակներում կայացած քվեարկությանը մասնակցել են ENNHRI-ի անդամ ավելի քան 30 ՄԻՊ հաստատություններ:
Հեղինակավոր կառույցի Կառավարման խորհրդի կազմում ընտրվել են նաև Դանիայի (նախագահող) և Հյուսիսային Իռլանդիայի ազգային հաստատությունների ներկայացուցիչները:
Հատկանշական է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ է ընդգրկվում եվրոպական ցանցի կառավարման մարմնում։
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը միավորում է եվրոպական երկրների ավելի քան 40 ՄԻՊ հաստատություններ։ Ցանցի նպատակն է նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը Եվրոպայում: Այդ նպատակների իրականացման համար Եվրոպական ցանցը, ի թիվս այլնի, նպաստում է մարդու իրավունքների ազգային հաստատությունների կարողությունների զարգացմանը:
Կառավարման խորհրդի կազմում ընդգրկվում են բացառապես A կարգավիճակ ունեցող մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներկայացուցիչները: 2024 թվականի մարտի 1-ից ENNHRI-ի Կառավարման խորհուրդը կունենա հետևյալ կազմը՝ Դանիա (նախագահող), Հայաստան, Հյուսիսային Իռլանդիա, Գերմանիա, Ալբանիա, Նորվեգիա:
Նախագահողի գլխավորությամբ Խորհուրդն առաջնորդում է կառույցի ռազմավարական առաջնահերթությունները և պատասխանատու է ցանցի կառավարման և վարչարարության համար: