«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ում առկա «Գազել-Սիթի» մակնիշի 100 մեքենայից 43–ն այս պահին անսարք է
Երևանի քաղաքապետարանից չեն հերքում, որ ավտոբուսներն ունեն տեխնիկական խնդիրներ և հաճախ են շարքից դուրս գալիս, ինչով պայմանավորված էլ քաղաքացիները դժգոհում են։
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ում առկա «Գազել-Սիթի» մակնիշի 100 ավտոբուսներից 43–ը չեն շահագործվում։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ Նշենք, որ վերջին ժամանակահատվածում քաղաքացիները դժգոհում են Երևանի տարբեր երթուղիներում ներդրված չինական «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսների և «Գազել-Սիթի» մակնիշի փոքր դասի ավտոբուսների պակասից։
Ավտոբուսների վարորդներն էլ քաղաքացիների հետ զրույցում նշում են, որ ավտոբուսներն անսարք են, այդ պատճառով էլ սկսել են ուշ–ուշ (առնվազն 26-27 րոպեն մեկ) աշխատել։
Sputnik Արմենիան գրավոր պարզաբանում է խնդրել Երևանի քաղաքապետարանից` հասկանալու համար, թե ավտոբուսներից քանի՞սն են ենթակա վերանորոգման և արդյոք ճի՞շտ են վարորդների այն պնդումները, թե այդ ավտոբուսներն ի սկզբանե տեխնիկական խնդիրներ են ունեցել, դրա համար էլ հաճախ են շարքից դուրս գալիս։
Երևանի քաղաքապետարանից չեն հերքում, որ ավտոբուսներն ունեն տեխնիկական խնդիրներ։
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի հաշվեկշռում կա «Գազել-Սիթի» մակնիշի 100 ավտոբուս, որոնցից այժմ շահագործվում է 57-ը: Տեխնիկական խնդիրները` կապված փոխանցման տուփերի հետ, հիմնականում հենց «Գազել-Սիթի»-ների մոտ են ի հայտ գալիս: Այս պահին 43 մեքենա չի շահագործվում հիմնականում փոխանցման տուփերի պատճառով, սակայն պարբերաբար դրանք նորոգվում են»,– հայտնում են քաղաքապետարանից։
Նշվում է նաև, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ում կա «Ժոնգ տոնգ» մակնիշի 361 ավտոբուս, դրա 20% –ը (մոտ 72–ը) ռեզերվային է`տարբեր երթուղիներում ըստ անհրաժեշտության փոխարինելու համար։
Ինչ վերաբերում է ավտոբուսների ուշանալուն, ապա Երևանի քաղաքապետարանում դա բացատրում են գլխավորապես մայրաքաղաքում առկա խցանումներով։
Նշվում է նաև, որ «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսների թիվը շուտով կհամալրվի ևս 30–ով:
Հավելենք, որ «Գազել-Սիթի» փոքր դասի ավտոբուսներով սպասարկվում են Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային թվով 13, իսկ «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսներով՝ 31 երթուղիներ։