Բաժիններ՝

Շվեդիայի դատախազությունը փակում է «Հյուսիսային հոսքերում» դիվերսիայի գործը

Շվեդիայի դատախազությունը փակում է Բալթիկ ծովում գազատարների վրա դիվերսիայի գործով նախաքննությունը։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասված է գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։

«Դատախազը փակել է «Հյուսիսային հոսքերում» դիվերսիաների վերաբերյալ Շվեդիայի նախաքննությունը, – նշված է հաղորդագրության մեջ: – Քքննությունը եզրակացրել է, որ Շվեդիայի իրավասությունը չի տարածվում (այս դեպքի վրա), ուստի հետաքննությունը պետք է փակվի»:

Ինչպես նշված է փաստաթղթում, նախաքննության հիմնական նպատակն էր պարզել՝ արդյոք դիվերսիայի մեջ ներքաշված են եղել Շվեդիայի հպատակներ, և արդյոք Շվեդիայի տարածքն օգտագործվել է հանցագործությունը կատարելու համար՝ «դրանով իսկ ստեղծելով շվեդական շահերին կամ Շվեդիայի անվտանգությանը վնաս պատճառելու վտանգ»։

«Նախաքննությունն այժմ հասել է այն փուլին, որ իշխանությունները հստակ պատկերացում ունեն միջադեպի մասին, և ոչինչ չի հայտնաբերվել, որը ցույց տար, որ Շվեդիան կամ շվեդ հպատակները մասնակից են եղել միջազգային ջրերում տեղի ունեցած դիվերսիային», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Դատախազ Մատս Լյունգկվիստը հայտնել է, որ հետաքննության ընթացքում կատարվել են մեծ թվով նավերի երթևեկության վերլուծություն, հանցագործության վայրի լայնածավալ զննում և մի քանի հարցաքննություններ: Շվեդ դատախազը այլ մանրամասներ չի հաղորդել՝ վկայակոչելով «միջազգային դատական ​​համագործակցության գաղտնիությունը»:

«Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներում դիվերսիաներն իրականացվել են 2022 թ․ սեպտեմբերի 26-ին՝ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից մի քանի ամիս անց։ Իրականացվել են մի շարք պայթյուններ Դանիայի և Շվեդիայի բացառիկ տնտեսական գոտիներում, որոնք վնասել են «Հյուսիսային հոսք-1»-ի երկու գծերը և «Հյուսիսային հոսք-2»-ի երկու գծերից մեկը։ Վթարի պահին «Հյուսիսային հոսք-2»-ը դեռ գործարկված չէր, իսկ «Հյուսիսային հոսք-1»-ն աշխատում էր իր հզորության 20 %-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս