Ընդդիմությունն էլ գնաց Մարզահամերգային համալիր
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս մասին 168.am-ին ասաց «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Զոյա Թադևոսյանը`նշելով, որ պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել:
«Սա արդեն ավելի մեծ ներկայացուցչություն ունեցող կուսակցություն է, պատվիրակների թիվը շատ ավելի մեծ է: Ութ հարյուր հոգի չեն լինելու, 2000-ից ավելի պատվիրակ կլինի»,- տեղեկացրեց Զոյա Թադևոսյանը: Նա նշեց, որ պատվիրակների թիվը վերջնական թիվը հաստատված չէ, քանի որ այն մի քանի քաղաքական ուժերի միավորում է, քվոտաների խնդիր կա: Զոյա Թադևոսյանը նշեց նաև, որ առայժմ հայտնի չէ, թե որ կուսակցություններին է հրավեր ուղարկվելու:
Նշենք, որ նախկինում «Հայ ազգային կոնգրես» վերանվանված ՀՀՇ-ն իր համագումարները մշտապես անում էր ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում: Մարզահամերգային համալիրում համագումարներ սովորաբար հրավիրում են իշխանական կուսակցությունները:
Ավելացնենք, որ ի սկզբանե կուսակցության հիմնադիր համագումարի օր հայտարարվել էր մարտի 22-ը, սակայն մտավախություն ունենալով, որ Արդարադատության նախարարության պետռեգիստրում գրանցվելու անհրաժեշտ ժամանակ չի լինի, հետաձգվեց ապրիլի 13-ին: