Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցության խնդրին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը անդրադարձել է Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության խնդրին:
Այս մասին հայտնում է թուրքական A Haber-ը:
Ֆիդանը նշել է, որ ԵՄ-ում Թուրքիայի ճանապարհորդությունը երկար խնդիր է, սակայն իրենք դրանից դասեր են քաղել՝ նայելով այս խնդրի թե՛ անցյալին, թե՛ ներկային։
«Ի՞նչ կարող է բերել նոր մոտեցումը, որո՞նք են այս հարցում մեր նոր պարամետրերը, դիսկուրսները, քաղաքականությունը, մենք այս հարցով շատ ենք աշխատում»,-նշել է նա:
«Այս հարցի շուրջ նախ ԵՄ-ն պետք է որոշում կայացնի: Արդյո՞ք նա ցանկանում է Թուրքիայի անդամակցությունը, թե՞ ոչ»:
«Մենք այն վիճակում չենք, որ սպասենք ԵՄ անդամակցությանը։ Պետք է փնտրել այլ այլընտրանքներ, այլ պատմական ուղիներ, հատկապես տնտեսական համագործակցության ոլորտում, սա է մեր դիրքորոշումը»,- ասել է թուրք նախարարը։
Նա ընդգծել է, որ Թուրքիան դեռ ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, սակայն Բրյուսելի վրա որեւէ կերպ ազդելու ոչ ուղիներ ունի, ոչ էլ միջոցներ։
Թուրքիան ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ է ստացել 1999 թվականին
2023 թվականի մայիսին Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցության» ղեկավար Մանֆրեդ Վեբերը կոչ էր արել դադարեցնել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները։
Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ Թուրքիան որևէ ակնկալիք չունի Բրյուսելից և որ Բրյուսելը կողմնակալ վերաբերմունք ունի Թուրքիայի նկատմամբ։ Նրա խոսքով, Թուրքիան կատարել է ԵՄ-ին տված իր բոլոր խոստումները, իսկ ԵՄ-ն ոչ։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո Էրդողանն հայտարարել է, որ Անկարայի վստահությունը Բրյուսելի նկատմամբ «սասանվել է»՝ ԵՄ-ի Իսրայելին աջակցելու պատճառով։