Բլիք. Սկանդալ ԵԱՀԿ առաքելությունում. Ադրբեջանին քննադատող քաղաքական գործչին թույլ չեն տվել մուտք գործել երկիր

Ցյուրիխի օդանավակայան, շաբաթ, կեսօր. Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցության Ազգային խորհրդի անդամ Նիկ Գուգերը վերադառնում է ուղևորությունից, որը հայտնվելու է միջազգային լուրերի վերնագրերում, գրում է շվեյցարական Blick թերթը։

12 ժամ առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկանդալ է պայթել՝ ռեժիմը երկրից վտարել է շվեյցարացի քաղաքական գործչին։ Գուգերը վրդովված է։ Միջադեպի մասին շաբաթ վաղ առավոտյան տեղեկացել է երկրի արտգործնախարար Իգնացիո Կասիսը։

«Այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ, սկանդալ էր», – պատմել է քաղաքական գործիչը մի գավաթ սուրճի շուրջ՝ Ցյուրիխի օդանավակայանի տեսարանին նայելով: Նա չէր քնել ավելի քան 30 ժամ։

Միջադեպն իրականում պայթյունավտանգ է, ընդգծում է շվեյցարական պարբերականը։

Գուգերը Ադրբեջան էր եկել որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ընտրությունների պաշտոնական և հավատարմագրված դիտորդ։ Տեղում նրա առաքելությունը գալիք նախագահական ընտրությունները վերահսկելն էր և մարդու իրավունքների խախտումների մասին զեկուցելը։ Գուգերը դրա փորձն ունի՝ նա արդեն եղել է նմանատիպ առաքելություններով Ռուսաստանում և Մոլդովայում, ընդգծում է լրատվամիջոցը։

Բայց նա երբեք չի առնչվել նրան, ինչ տեղի ունեցավ շաբաթ երեկոյան: Բաքու վայրէջք կատարելուն պես դիվանագիտական ​​մուտքի մոտ նրան կանգնեցրել են ոստիկանության համազգեստավոր աշխատակիցները։

Նրանից առգրավել են անձնագիրն ու մերժել մուտքը։ ԵԱՀԿ մյուս դիտորդներին առանց որևէ խնդրի թույլ են տվել անցնել, այդ թվում՝ շվեյցարական պատվիրակությանը:

«Այն փաստը, որ ադրբեջանական վարչակարգը այս կերպ հրաժարվում է դիտորդական առաքելությունից, էսկալացիայի նոր մակարդակ է ստեղծում»,- ասում է Գուգերը։

Ոստիկանները Բաքվի օդանավակայանում քաղաքական գործչին պահել են գրեթե երեք ժամ, թեյ հյուրասիրել, ապա նստեցրել Ստամբուլ թռչող ինքնաթիռը։ Անձնագիրը ստացել է միայն Թուրքիայում։ Նա Ցյուրիխում վայրէջք է կատարել շաբաթ օրը՝ ժամը 14:00-ին։

Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է պարբերականին, որ տեղեկացված է դեպքի մասին։

Այն փաստը, որ ԵԱՀԿ գրանցված դիտորդին թույլ չեն տալիս երկիր մուտք գործել, դիվանագիտական ​​վիրավորանք է և չափազանց հազվադեպ է պատահում, ընդգծում է Blick-ը։

«Ադրբեջանում ընտրությունները տեղի կունենան հաջորդ չորեքշաբթի։ Բայց հաղթողն արդեն որոշված ​​է․ բռնապետ Իլհամ Ալիևը կշարունակի կառավարել երկիրը։ Ադրբեջանում արդար ընտրություններ չկան։

Բրիտանական Economist ամսագրի ժողովրդավարության ինդեքսում երկիրը 167-ից զբաղեցնում է 134-րդ տեղը»,- ընդգծում է թերթը։

Դեռ պարզ չէ, թե ինչու հատկապես Գուգերին թույլ չեն տվել երկիր մտնել: Դա կարող է կապված լինել ԵԽ-ում նրա աշխատանքի հետ։ Բառացիորեն անցյալ շաբաթ Բաքվի ռեժիմը հայտարարել էր, որ չի ընդունի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդների: Քանի որ Գուգերը, բացի ԵԱՀԿ-ում իր մասնակցությունից, նաև Եվրախորհրդի ընտրությունների դիտորդ է, նա կարող էր հայտնվել սև ցուցակում։ Բեռնում Ադրբեջանի դեսպանատնից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։

Գուգերի քաղաքական մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նույնպես կարող էր փուշ դառնալ ադրբեջանական բռնապետության աչքում, ընդգծում է շվեյցարական լրատվամիջոցը։

Պարբերականը հիշեցնում է, որ անցյալ տարվա սեպտեմբերին ադրբեջանական բանակը զավթեց Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը և արտաքսեց ավելի քան 100 հազար քրիստոնյա հայերի։

Այդ ժամանակ Գուգերը հրապարակավ բողոքեց հայերի նկատմամբ բռնությունների դեմ, ինչպես նաև իր քննադատությունն ուղարկեց Ադրբեջանի դեսպանին։

«Ես երկար տարիներ պայքարում եմ խաղաղության համար և փորձում եմ կամուրջներ կառուցել»,- ասում է ԵԺԿ քաղաքական գործիչը։

Այն փաստը, որ Բաքվի ռեժիմն այժմ արգելում է նրա մուտքը երկիր, հիասթափեցնող է և ցույց է տալիս, որ Ադրբեջանը նախկինի պես դեռ հեռու է սահմանադրական պետություն լինելուց։

parstoday

Տեսանյութեր

Լրահոս