Տիգրան Սարգսյանին մտահոգում է շինարարության անկումը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է Ազգային վիճակագրական ծառայության կողմից հունվար-փետրվար ամիսների ցուցանիշներին և խոսել շինարարության անկման մասին։
«Մենք տեսնում ենք, որ բավական բարձր ցուցանիշներով ենք սկսել 2013 թվականը։ Գնահատում ենք տնտեսական աճի ցուցանիշը, որ այսօր տնտեսական աճի երկնիշ ցուցանիշ ունենք, բայց երբ ծանոթանում ենք տնտեսական աճի կառուցվածքին, տեսնում ենք, որ դեռևս կան խնդիրներ։ Մեզ ուրախացնում է այն հանգամանքը, որ արդյունաբերությունը շարունակում է բարձր ցուցանիշներ դրսևորել, և մենք պետք է պահպանենք այդ տեմպերը 2013 թվականին։ Բայց մտահոգիչ է շինարարության ցուցանիշը. 2012 թվականին մենք առաջին անգամ կասեցրեցինք անկման միտումը շինարարության ոլորտում և արձանագրեցինք տարվա արդյունքներով կես տոկոսանոց աճ շինարարության ոլորտում։ Հունվար-փետրվար ամիսներին մենք շինարարությունում արձանագրել ենք անկում` շուրջ 8 տոկոսային կետով, և հասկանալի է, որ 2013 թ. տնտեսական աճի ցուցանիշն ապահովելու համար մեզ անհրաժեշտ է շինարարության ոլորտում իրականացնել պետական ծրագիր, հակառակ պարագայում մենք չենք կարող ունենալ աճի բարձր տեմպեր այդ ոլորտում։ Պարոն Դավթյան, անհրաժեշտ է, որպեսզի Դուք, քաղաքաշինության նախարարությունը, ֆինանսների նախարարությունը Կենտրոնական բանկի հետ միասին շինարարության ոլորտի վերաբերյալ մեծ խորհրդակցություն կազմակերպեք, հրավիրեք այդ ոլորտի բոլոր ակտիվ մասնակիցներին և հասկանանք, թե պետությունն ինչով պետք է օժանդակի, ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի շինարարության ոլորտում վերականգնենք աճի նորմալ, բնականոն ծավալներ։ Այդ առաջարկությունները համատեղ քննարկելուց հետո դարձնենք, եթե անհրաժեշտություն կա, կառավարության որոշում, ամրագրենք մեր պարտավորությունները, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել»։