«Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսնանի կառավարման տարիներին ոչ Ադրբեջանը, ոչ էլ այլ երկիր չէր կարող նման ամթույլատրելի ոճով ու նախապայմաններով խոսել Հայաստանի Հանրապետության հետ»
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալիևն ասել է. «Հայաստանի Սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխությունների դեպքում կարելի է հասնել խաղաղության»:
Սա Ալիևի կողմից ՀՀ ներքին գործերին ուղիղ խառնվելու, ինչ-որ տեղ նաև շանտաժի ցայտուն դրսևորում է, որն անթույլատրելի է միջազգային պրակտիկայի տեսանկյունից: Սա ցույց է տալիս նաև այն, թե որքան անկարող, խղճուկ և կախյալ վիճակում են գտնվում ՀՀ իշխանությունները:
Հենց միայն Ալիևի այս հայտարարությունը բավարար է, որպեսզի Հայաստանում այլևս չքննարկվի Սահմանադրության փոփոխության հետ կապված որևէ հարց: Ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի սուվերեն որոշումներին խառնվելու այս ինտրվենցիան չի լինի շարունակական և չի ստանա այլ դրսևորումներ:
Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսնանի կառավարման տարիներին ոչ Ադրբեջանը, ոչ էլ այլ երկիր չէր կարող նման ամթույլատրելի ոճով ու նախապայմաններով խոսել Հայաստանի Հանրապետության հետ:
Իսկ տարածաշրջանում իրական, արժանապատիվ խաղաղության կարելի է հասնել հետևյալ պարագաներում.
ա) ՀՀ կառավարության կազմն ու իշխանության որակը փոխելով ,
բ) Հայաստանի հասարակությանն ու հայկական Սփյուռքին համախմբելով,
գ) ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ բոլոր տիպի հարաբերությունները վերականգնելով և բազմակողմանիորեն զարգացնելով , տարածաշրջանում բնական դաշնակիցների հետ գործնական հարաբերություններ կառուցելով,
դ) ՀՀ ԶՈւ կարողությունների և մարտունակության զարգացման համար իրական ջանքեր գործադրելով,
ե) ընկալելի, հիմնավորված և հետևողական արտաքին քաղաքականություն վարելով,
զ) առկա ռեսուրսները վատնելու փոխարեն` տնտեսության փաստացի զարգացման համար իրատեսական ու հավակնոտ ծրագրեր իրականացնելով,
է) ազգային քաղաքական ուժերի և համահայկական կառույցների ակտիվ համագործակցությամբ և փոխլրացմամբ»: